Missio

Մեր առաքելությունը:

Նպաստել ժողովրդավարության զարգացմանը և քաղաքացիական հասարակության կայացմանը:

Our Mission:

To support the formation of civil society and development of democracy.

четверг, 5 августа 2010 г.

Համարյա անիրագործելի հանձնարարականներ ՄԱԿ-ի իրավապաշտպանների հարցերով զեկուցողի կողմից

Հայտարարություն ըստ www.tert.am-ի նյութերի

Ավարտելով Հայաստան կատարած իր այցելությունը՝ ՄԱԿ-ի իրավապաշտպանների հարցերով Հատուկ զեկուցողը` Մարգարեթ Սեկագիան, հրապարակել է հայտարարություն, որում մի շարք առաջարկություններ է անում։ Ստորև ներկայացվում է հայտարարությունը.

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանը 2010թ հունիսի 14-18ը ինձ հրավիրելու համար` անց կացնել փաստահավաք առաքելություն, և դրա ընթացքում ցուցաբերած լիաթոք համագործակցության համար: Ես հանդիպեցի վարչապետի և գործադիր իշխանության այլ բարձրաստիճան պաշտոնյաների, սահմանադրական և վճռաբեկ դատարանների նախագահների, խորհրդարանի անդամների և ոստիկանության պետի տեղակալի հետ: Ես նաև հանդիպումներ ունեցա Երևանում ՄԱԿ-ի գործակալությունների հետ և, վերջապես, առաքելության ամբողջ ընթացքում հանդիպումներ ունեցա Հայաստանի քաղաքացիական հասարակության լայն և բազմազան շերտերի հետ: Շնորհակալ եմ իմ բոլոր զրուցակիցներին իրենց փորձը ինձ հետ կիսելու պատրաստակամության համար: Ցանկանում եմ նաև իր երախտագիտությունը հայտնել մշտական համակարգողին և երկրում ՄԱԿ-ի ամբողջ թիմին իրենց ցուցաբերած օժանդակության համար:

Ողջունելով Հայաստանի հանձնառությունը մարդու իրավունքների նկատմամբ հարգանք ապահովելու գործում, ինչի մասին վկայում է մարդու իրավունքների վերաբերյալ մի շարք միջազգային փաստաթղթերի վավերացումը, միևնույն ժամանակ փաստում եմ, որ առկա են նաև Հայաստանի կառավարության և իրավապահ մարմինների առջև ծառացած մարտահրավերներ:

Թեպետ ժամանակ կպահանջվի ինձ հասու դարձած տեղեկատվության մեծ ծավալը ուսումնասիրելու, վերլուծելու և կառավարության, իրավապապաշտպանների և այլ շահագրգիռ կողմերի հետ ստացված տեղեկատվության վերաբերյալ հետագա խորհրդափոխանակության համար, կցանկանայի ներկայացնել մի շարք նախնական դիտողություններ և առաջարկներ:

Կցանկանայի կրկնել ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում հնչեցրած իմ խնդրանքը` ծաղկուն, բազմակարծիք և ժողովրդավարական հասարակություն ապահովելու համար իրավապաշտպանների դերակատարումը և կարևորությունը հրապարակավ ընդունելու վերաբերյալ:

Գոհունակություն հայտնելով կառավարությանը` Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը ստեղծելու և Մարդու իրավունքների պաշտպանին` ցայսօր կատարված աշխատանքի կապակցությամբ, կոչ եմ անում կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը և ՄԻՊ գրասենյակին ճանաչել մարդու իրավունքների պաշտպանի հայ հասարակության մեջ կարևոր դերակատարումը:

Որպես օրինակ, նման դերակատարման հեռանկարային կարևորության մասին է վկայում ՀԿ-ների մասին օրենքում փոփոխություններ և լրացումների դեմ քաղհասարակության ջանքերին ցուցաբերած աջակցությունը: Այս կապակցությամբ, հորդորում եմ կառավարությանը ևս մեկ անգամ անդրադառնալ ՀԿ-ների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությանը:

Միևնույն ժամանակ, կցանկանայի շեշտել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին հասու ֆինանսական և նյութական միջոցների ավելացման կարևորությունը` լիազորություններն առավել արդյունավետ կերպով իրականացնելու համար: Անհրաժեշտ է նաև վերջինիս գրասենյակում հնարավորին չափ արագ սահմանել իրավապաշտպանների գործերով հատուկ հարթակ և պաշտոն:
Մտահոգություն են առաջացնում Հայաստանում խաղաղ հավաքների ազատության լուրջ սահմանափակումները: Թեպետ իշխանությունների կողմից սահմանված կարգավորումն օրինական է, ստացել եմ տեղեկություններ իրավապահ մարմինների կողմից անհարկի և կամայական սահմանափակումներ կիրառելու մասին: Ժողովրդավարական հասարակությունում խաղաղ, բաց և հրապարակային ցույցեր անցկացնելու իրավունքը պետք է հասու լինի բոլոր անհատներին, առանց անհարկի սահմանափակումների: Նշում եմ նաև հաղորդումներն այն սահմանափակումների մասին, որոնք պարտադրվում են ոչ բացօթյա ժողովների` հանդիպումների և կոնֆերանսների, որոնց համար տարածք պատվիրելիս և որոնց մասնակցելիս իրավապաշտպանները բախվում են դժվարությունների:

Ինձ լրացուցիչ մտահոգում են հավաքների ազատության անդրադարձերը Հայաստանում ընտրությունների համատեքստում: Ինչպես արդեն նշել եմ իմ վերջին թեմատիկ զեկույցում, նվիրված իրավապաշտպանների անվտանգությանն ու պաշտպանությանը, որը ներկայացվել էր Մարդու իրավունքների խորհրդին 2010 թ. մարտին, ընտրությունների նախօրեին, ընթացքում և դրանցից հետո հաճախ լարվածություն է առաջանում, որը կարող է հանգեցնել մարդու իրավունքների լուրջ և մտահոգրչ խախտումների, լրջորեն անդրադառնալով քաղաքացիական հասարակության անվտանգությանը:

Այս կապակցությամբ, ուզում եմ հիշեցնել, որ ըստ քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի դրույթների, յուրաքանչյուր ոք իրավունք ունի, առանց խտրականության, արդյունավետ մասնակցել պետական գործերին, որը ներառնում է քննադատություն արտահայտելու և առաջարկներ ներկայացնելու իրավունքը հանուն պետական մարմինների, գործակալությունների և այլ հաստատությունների գործունեության բարելավման: Այսօրինակ մասնակցությանը օժանդակում է արտահայտման, ժողովների և միությունների ազատության իրականացումը:

Ելնելով իմ ստացած տեղեկություններից իրավապաշտպանները և, մասնավորապես` լրագրողները, արտահայտման ազատության իրենց իրավունքն իրականացնելիս բախվում են ֆիզիկական ռիսկերի ենթարկվելու հնարավորությանը: Որպես հետևանք, Հայաստանում, ըստ ամենայնի, տարածվում է ինքնագրաքննությունը: Ցանկանում եմ իմ ձայնը միացնել նրանց, ովքեր արդեն իսկ լուրջ մտահոգություններ են արտահայտել հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի փոփոխությունների և լրացումների կապակցությամբ: Նախագահի կողմից ստորագրվելու դեպքում այս լրացումներն ու փոփոխությունները էլ ավելի կսահմանափակեն և լրջորեն կխոչընդոտեն հայ հասակարությանը հասանելի ձայների և կարծիքների բազմազանությանը:

Վերը նշված իրավունքների իրականացման առումով անհանգստացած եմ իրավապաշտպանների, մասնավորապես լրագրողների նկատմամբ բռնության, հարձակումների, սպառնալիքների, հետապնդումների և խարանի փաստագրված դեպքերի կապակցությամբ: Այս դեպքերն ի ցույց են դնում Հայաստանում անպատժելիության մշակույթի ակնհայտ առկայությունը, որը խոչընդոտում է իրավապաշտպանների աշխատանքը: Այսօրինակ անպատժելիությունը, ըստ ամենայնի, սերտորեն առնչվում է ոստիկանության համակարգում արմատավորված խնդիրներին և անկախ դատական համակարգի պակասին:

Այս կապակցությամբ ցանկանում են ընդգծել, որ անհրաժեշտ է իրականացնել արագ, հանգամանալից և թափանցիկ հետաքննություն մարդու իրավունքների խախտման բոլոր դեպքերի, մասնավորապես` լրագրողների վրա հարձակումների, վերաբերյալ, նպատակ ունենալով ստեղծել ապահով և նպաստող միջավայր, որում իրավապաշտպանները կծավալեն իրենց գործունեությունը: Այդօրինակ խախտումների մի օրինակ է այն, որ 2008 թ. Նախագահական ընտրություններին հաջորդած ողբերգական դեպքերն ու սպանությունները չեն քննվել: Հետաքննությունը պետք է նախաձեռնվի նպատակ ունենալով իմաստավորված և արդյունավետ հետապնդում նախաձեռնել, ըստ միջազգային իրավական չափանիշների, ներառյալ` Իրավապաշտպանների վեաբերյալ ՄԱԿ-ի հռչակագիրը:

Ողջունելով արդեն իսկ նախաձեռնված ջանքերը, ցանկանում եմ շեշտել, որ անհրաժեշտ է որոշումներ ընդունելու գործընթացում լիարժեք խորհրդակցել և ներառնել քաղաքացիական հասարակության և իրավապաշտպանների տեսակետները, ներառյալ օրենսդիր, համազգային քաղաքականությունների մշակման, Խոշտանգումների դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրության ներքո գործող կանխարգելիչ ազգային մեխանիզմի և տարածաշրջանային ու միջազգային մարդու իրավունքների մեխանիզմներին զեկուցելու գործում: Հորդորում են թե´ իշխանություններին և թե´ քաղաքացիական հասարակությանը ծավալել կառուցողական երկխոսություն`երկրի ժողովրդավարական զարգացման համար առանցքային կարևորություն ունեցող հարցերի շուրջ:

Մասնավորապես, կարևոր եմ համարում, որ իրավապաշտպանների յուրահատուկ կարիքները, ներառյալ` կանանց և սեռական փոքրամասնությունների (LGBT) իրավապաշտպաններինները, արտացոլվեն Մարդու իրավունքների ազգային գործողությունների ծրագրում: Ավելին, ցանկանում եմ շեշտել, որ Հայաստանի մասնակցությունը Համընդհանուր պարբերական վերանայման գործընթացում լավ առիթ է ընձեռում քաղաքացիական հասարակության ներառման համար Հայաստանի գնահատման շրջանակներում երկրի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացմանը հետևելու շարունակական և կայուն գործընթացում:

Հուսով եմ, որ իմ այցելությունը և պատրաստվելիք զեկույցը երկրում կխթանեն հետագա քննարկումներ և գաղափարների փոխանակում և կնպաստեն կառավարության և իրավապաշտպանների միջև երկխոսության և հարաբերությունների բարելավմանը: Վստահություն կառուցելն ու երկխոսություն խթանելը բազմակողմ գործընթաց է, որը բոլոր կողմերից պահանջում է համագործակցության կամք և փոխադարձ հարգանք:

Նախնական առաջարկներ

Ելնելով մինչ այժմ ձևավորված իմ կարծիքից, ցանկանում եմ կատարել հետևյալ առաջարկները:

Անհրաժեշտ է.

Հրապարակայնորեն ընդունել իրավապաշտպանների դերը և կարևորությունը բարգավաճ, բազմակարծությամբ ժողովրդավարական հասարակության մեջ:

Կառուցել վստահություն և քաջալերել երկխոսություն, հենվելով բոլոր շահագրգիռ կողմերի համագործակցության և փոխադարձ հարգանքի հանուն քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների հզորացման, որպեսզի վերջիններս ժողովրդավարական գործընթացում իմաստալից դեր խաղան:

Երաշխավորել ոչ խտրական հիմքերով արդյունավետ մասնակցություն պետական գործերին, որը ներառում է քննադատություն արտահայտելու և առաջարկներ ներկայացնելու իրավունքը հանուն պետական մարմինների, գործակալությունների և այլ հաստատությունների գործունեության բարելավման:

Որոշումներ ընդունելու գործընթացում լիարժեք խորհրդակցել և ներառել քաղաքացիական հասարակության և իրավապաշտպանների տեսակետները, ներառյալ օրենսդիր, համազգային քաղաքականությունների մշակման և տարածաշրջանային ու միջազգային մարդու իրավունքների մեխանիզմներին զեկուցելու գործում:

Ներառել քաղաքացիական հասարակությունը Համընդհանուր Պարբերական Վերանայման գործընթացում Հայաստանի գնահատման շրջանակներում կատարված առաջարկների իրականացմանը հետևելու շարունակական և կայուն գործընթացում:

Մարդու իրավունքների ազգային ծրագրում անդրադառնալ իրավապաշտպանների հատուկ կարիքներին, ներառյալ` կանանց և սեռական փոքրամասնությունների (LGBT) իրավապաշտպաններինը:

Երաշխավորել, որ գոյություն ունեցող օրենքները և կանոնակարգերը լիակատար, ժամանակին և արդյունավետ իրավակիրարկվում են, ըստ Հայաստանի միջազգային պարտավորությունների: Սույն պարտավորությունը վերաբերում է նաև ՏԻՄ-երին:

Երաշխավորել, որ խաղաղ, բաց և հրապարակային ցույցերի իրավունքը ազատորեն վայելվի բոլոր անհատների կողմից, առանց անհարկի սահմանափակումների:

Անց կացնել արագ, հանգամանալից և թափանցիկ հետաքննություն մարդու իրավունքների խախտման բոլոր դեպքերի, մասնավորապես` լրագրողների վրա հարձակումների, նպատակ ունենալով ստեղծել ապահով և նպաստող միջավայր, որում իրավապաշտպանները կծավալեն իրենց գործունեությունը:

Երաշխավորել, որ հետաքննությունը իրականացվում է նպատակ ունենալով իմաստավորված և արդյունավետ հետապնդում նախաձեռնել, ըստ միջազգային իրավական չափանիշների, ներառյալ` Իրավապաշտպանների վերաբերյալ ՄԱԿ-ի հռչակագիրը:

Ոստիկանությունում իրականացնել համապարփակ բարեփոխումների ծրագիր, անմիջապես քայլեր ձեռնարկել ապահովելու դատաիրավական համակարգի լիակատար անկախությունն ապահեվելու ուղղությամբ, և բարեփոխել արդարադատության իրականացումը: Սա պետք է իրականացվի ընդարձակ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը զուգընթաց, որպեսզի ապահովվի պետական կառույցների ընդհաշվետվությունը:

Ճանաչել Հայաստանի հասարակությունում Մարդու իրավունքների պաշտպանի, որպես կարևոր դերակատարի, նշանակությունը:

Հզորացնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ֆինանսական և նյութական ապահովությունը, վերջինիս կողմից իր մանդատն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով:

Հնարավորինս արագ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում հաստատել իրավապաշտպանների համար նախատեսված հատուկ հարթակ (պատասխանատու):

Վերանայել հասարակական կազմակերպությունների օրենքում նախատեսվող փոփոխությունների և լրացումների նպատակահարմարությունը:

Հեռուստատեսության և ռադիոյի օրենքում առաջարկված փոփոխություններում և լրացումներում լիարժեք կերպով արտացոլել քաղհասարակության և միջազգային փորձագետների կարծիքները:

Ծավալել քաղաքացիական իրազեկության և մարդու իրավունքների կրթական ծրագրեր, նպատակ ունենալով խթանել հանդուրժողականությունը և հարգանքը մարդու իրավունքների հանդեպ, ինչպես նաև` երաշխավորել անձի արժանապատվությունը և հարգանքը նրա հանդեպ:

Հայերեն թարգմանել և լայնորեն տարածել Իրավապաշտպանների վեաբերյալ ՄԱԿ-ի հռչակագիրը:

Առաջարկում եմ նաև, որ միջազգային հանրությունը ավելի արդյունավետ համագործակցի և համակարգի քաղաքացիական հասարակությանը օժանդակելու իր ջանքերը, որոնք ուղղված են ամուր ցանցերի և կոալիցիաների զորացմանը, ունակությունների զարգացմանը, և խթանի միասնությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նյութերի շուրջ»:

Հատուկ զեկուցողը իր զեկույցը կներկայացնի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 16-րդ նիստին, 2011թ. մարտին, և լրացուցիչ առաջարկներ կներկայացնի կառավարության և այլ շահագրգիռ կողմերի ուշադրությանը:

Մարգարետ Սեկագիան իրավաբան է Ուգանդայից, որը 2008 թ. մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից նշանակվել է որպես Հատուկ զեկուցող: Նա անկախ է որևէ կառավարությունից և հանդես է գալիս իր անձնական ունակությամբ:

Комментариев нет:

Отправить комментарий