Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ Եվրոպական միության/ Եվրոպական հանձնաժողովի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ 2009-2010 թթ. իրականացրեց «Մարդու իրավունքների կրթություն. Քայլ առաջ» ծրագիրը:
Ծրագրի հիմնական նպատակն էր բարձրացնել մարզային ոչ կառավարական կազմակերպություններում ընդգրկված ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդների դերը հասարակության կյանքում, նպաստել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նրանց գործունեության ակտիվացմանը:
Ծրագրի շրջանակներում կազմակերպվեցին մարդու իրավունքների վերաբերյալ չորս դասընթացներ` 4-5 օրյա տեևողությամբ հետևյալ թեմաներով.
1. Ի՞նչ են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, քաղաքացիական հասարակությունը և իրավական պետությունը:
Մարդու իրավունքների փիլիսոփայությունը, հայեցակարգը, պաշտպանության ներպետական և միջազգային (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ, մարդու իրավունքների եվրոպական դատարան) մեխանիզմները:
2. Մարդու իրավունքների ոլորտում մոնիթորինգի հայեցակարգը, մեթոդները, գործիքները: Ինչպես պատրաստել զեկույցներ, մոնիթորինգի արդյունքների կիրառում:
3. Նախնական զեկույցների քննարկում:
4. ՀԿ-ների զարգացում, պլանավորում, ռազմավարության մշակում, շահերի պաշտպանություն, համագործակցություն:
Դասընթացների միջև ընկած ժամանակահատվածում մասնակիցները ձեռք բերած գիտելիքների և հմտությունների շնորհիվ կատարեցին գործնական աշխատանքներ, ուսումնասիրություններ և վերլուծություններ իրենց համայնքներում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ` գրելով ակնարկներ, թե ինչպե´ս են տվյալ իրավունքները երաշխավորված օրենսդրորեն, և օրենքի որ դրույթներ են խախտվում:
Ծրագրի մասնակիցները, բաժանվաց վեց խմբի, երեք ամսվա ընթացքում իրականացրել են մոնիթորինգներ տարբեր թեմաների շուրջ Արագածոտնի, Լոռու, Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի և Շիրակի մարզերում:
Շիրակի մարզից մասնակցում էին «Երաշխիք» Քաղաքացիական Հասարակության Կենտրոն ՀԿ-ի նախագահ` Սերգեյ Գաբրիելյանը և Հասարակայնության հետ կապերի բաժնի համակարգող` Գոհար Մկրտչյանը: Խմբի աշխատանքներին մասնակցում էր նաև «Երկինք» ՀԿ-ի անդամ Ցողիկ Հայրապետյանը:
Խումբն ուսումնասիրություններ կատարեց «Շիրակի մարզի կենսաթոշակառու ծերերի իրավունքների պաշտպանությունը առողջապահության ոլորտի պետպատվերի շրջանակներում» թեմայի շուրջ:
Մոնիթորինգի նպատակն էր նպաստել Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ, Ախուրյան համայնքների ծերության կենսաթոշակառուների առողջության իրավունքների պաշտպանությանը պետպատվերի շրջանակներում` նրանց հասանելիք անվճար դեղորայքի և բուժօգնության մասին տեղեկատվության մատչելիության բարելավմամբ:
Կից ներկայացնում ենք զեկույցը:
Գոհար Մկրտչյան
ՀԿ հասարակայնության հետ կապերի
բաժնի համակարգող
Комментариев нет:
Отправить комментарий