Missio

Մեր առաքելությունը:

Նպաստել ժողովրդավարության զարգացմանը և քաղաքացիական հասարակության կայացմանը:

Our Mission:

To support the formation of civil society and development of democracy.

суббота, 31 июля 2010 г.

Գյումրու ՀԿ-ների բողոքը

ՀՀ նախագահ Ս.Սարգսյանին
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հ.Աբրահամյանին
ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանին
ՀՀ Գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանին
ՀՀ Շիրակի մարզպետ Ա.Գիզիրյանին


Հարգելի պարոնայք,

Մեր ունեցած փաստերը, մեզ թույլ են տալիս հայտարարել, որ Գյումրիում քաղաքաշինական բիզնեսը վաղուց արդեն չի ենթարկվում պատշաճ վերահսկողության համապատասխան կառույցների կողմից եւ քաղաքի պատմական կենտրոնում վերականգնումն ու կառուցապատումը վերածվել է պաշտոնյաների անձնական հայեցողությամբ տարածքներ վաճառելու եւ երկարաժամկետ վարձակալությամբ տրամադրելու մոլուցքի:

Շարունակելով քաղաքի պատմական կենտրոնի կետային կառուցապատումը` խախտելով բոլոր հնարավոր քաղաքաշինական եւ բնապահպանական նորմերը, Գյումրու քաղաքային իշխանությունները պարզապես արհամարհում են քաղաքի գլխավոր հատակագիծ եւ գոտիավորման նախագիծ կոչված փաստաթղթերը ու Գյումրու հասարակական կարծիքը: Մանավանդ, սա տեղի է ունենում այն դեպքում, երբ ըստ ՀՀ Կառավարության որոշման, Գյումրի քաղաքի պատմական միջուկը հայտարարված է որպես «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց եւ պետության կողմից, իբր, ենթակա է հատուկ պահպանության:

Վերը նշված քաղաքականության հերթական զոհը Գյումրու Արագած փողոցն է: Երկրաշարժի զոհերի հիշատակի հուշարձանի մոտ, կանաչ տարածքում փորվել է մի մեծ փոս (տեսեք կից լուսանկարները), որը իբրեւ թե արվել է ժամանակավոր շինություն կառուցելու համար: Այնինչ իրականում 300մ2 մակերեսով տվյալ տարածքը, երկարաժամկետ (99 տարով) վարձակալության է տրվել Գյումրու քաղաքացիներից մեկին` կառուցապատման թույլտվությամբ, այն դեպքում, երբ ըստ Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծի, տվյալ հողամասը հանդիսանում է հասարակական օգտագործման կանաչ տարածք եւ այդտեղ արգելված է կապիտալ շինարարությունը:

Ըստ Գյումրի քաղաքի պատմական կենտրոնի գոտիավորման նախագծի` հասարակական օգտագործման կանաչ գոտիներում թույլատրվում է տեղադրել մանրածախ առեւտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ, բայց ոչ կապիտալ շինություններ: Իսկ կրպակներ ու տաղավարներ կարելի է տեղադրել միայն այն դեպքում, երբ պահպանված են կառուցապատման չափորոշիչները, մասնավորաբար, երբ հողամասի նվազագույն կանաչ ծածկույթը կազմում է 70%, ինչն այս դեպքում չի պահպանվել:

Բացի վերոհիշյալը, այս դեպքում քաղաքաշինական գործունեությունը սկսվել է առանց կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին Գյումրու հասարակությանը իրազեկելու, ինչով Գյումրու քաղաքապետարանը խախտել է քաղաքաշինական ծրագրերի եւ նախագծերի հրապարակման ու հասարակական քննարկման կարգը, Օրհուսի համաձայնագիրը, ՀՀ Կառավարության 1998թ. հոկտեմբերի 28-ի թիվ 660 որոշումը եւ մի շարք այլ իրավական ակտերի պահանջները:

Այսպիսով, մենք` ներքոստորագրյալներս, գտնում ենք, որ Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինը Արագած փողոցի նշված հատվածը վարձակալության տալու համար մրցույթի է դրել եւ հատկացրել է կառուցապատման` մասնավոր շահը վեր դասելով հանրային շահից: Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների այսօրինակ այլանդակ տնօրինումը Գյումրու ՏԻՄ-ի կողմից հակասում է քաղաքի բնակչության օրինական շահերին, գլխավոր հատակագծի եւ գոտիավորման նախագծի պահանջներին եւ շարունակում է քաղաքի կենտրոնում կանաչ տարածքների ոչնչացման տարիներ ձգվող քաղաքականությունը:

Շարունակելով քաղաքի պատմական միջուկում կանաչ տարածքների նկատմամբ անհասկանալի թշնամանքի քաղաքականությունը, քաղաքային իշխանությունը պարբերաբար մատնացույց է անում իր կազմակերպած ծառատունկները, որոնց թվաբանությունը լուրջ ընդունելու դեպքում պիտի համարենք, որ արդեն սաղարթախիտ անտառներում կամ ջունգլիներում ենք ապրում: Այնինչ իրականությունը բոլորովին այլ է. Այստեղ օդում փոշու քանակությունը մնում է ամենաբարձրերից մեկը Հայաստանում (ՍԹԿ-ն գերազանցում է միջինը 2 - 2,5 անգամ, վերջին 5 տարվա ընթացքում, ըստ ՀՀ ԲՆ «Հայէկոմոնիտորինգ» ՊՈԱԿ-ի տվյալների), հասարակական օգտագործման կանաչ տարածքները` քաղաքի ընդհանուր մակերեսի համեմատ` ամենացածրերից մեկն է Հայաստանում (2009թ. տվյալներով կազմում է ընդամենը 131,8 հա, մեկ շնչին ընկնող մակերեսը կազմում է 9 մ2, բայց ըստ «ՀՀ բնակավայրերի կանաչ գոտիների չափերին ու կազմությանը ներկայացվող պահանջների» պետք է կազմի առնվազն 16-21մ2, (Ա.Խաչատրյանի թեկնածուական ատենախոսություն)): Հստակ տպավորություն ունենք, որ քաղաքի կառուցապատումը իրականացվում է ոչ թե հասարակության համար հարմարավետ կենսամիջավայր ստեղծելու, այլ մի խումբ անձանց ու պաշտոնյաների փառասիրությունը, նեղ անձնական շահերը բավարարելու եւ անճաշակությունն ի ցույց դնելու սկզբունքով:

Պարոնայք, դիմում ենք ձեզ, պահանջելով` միջամտել ու ստիպել դադարեցնել Գյումրու Արագած փողոցում իրականացվող շինարարությունը, պարտադրել տեղական իշխանություններին Արագած փողոցում վերականգնել հիշյալ փոսը փորելուց առաջ եղած վիճակը, հրատապ կանաչապատել այն եւ հետագայում կանխել Գյումրու քաղաքի գլխավոր հատակագծով ու գոտիավորման նախագծով սահմանված չափորոշիչների խախտումները Գյումրու ՏԻՄ-ի կողմից, թույլ չտալ, որ աղավաղվի «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցի տարածքում գտնվող այս փողոցի` վերոհիշյալ փաստաթղթերով նախատեսված քաղաքաշինական տեսքը:

Հայտարարությունը բաց է ստորագրման համար մինչեւ 2010 թվի հունիսի 10-ը:

Կարող եք դիմել Գեւորգ Պետրոսյանին` 093714533, կամ Լեւոն Բարսեղյանին` 091821363:

Հայտարարություն արդեն ստորագրել են հետեւյալ հասարակական կազմակերպությունները

Գևորգ Պետրոսյան, «Բիոսոֆիա» ՀԿ

Լեւոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ

Նադեժդա Հակոբյան, «Մենք պլյուս» ՀԿ

Սեյրան Մարտիրոսյան, Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

Արմեն Պետրոսյան, «ԽորանԱրդ» ՀԿ

Սուսաննա Էլբակյան, «Սրբազան հող» ՀԿ

Սիրանույշ Դարբինյան, «KASA» հիմնադրամ

Վահան Թումասյան, «Շիրակ կենտրոն» ՀԿ

Ամալյա Ամիրխանյան, «Լիկիդոն» ՀԿ

Սերգեյ Գաբրիելյան, «Երաշխիք» ՀԿ / «Նոր Սերունդ» ՀԿ

Սոնյա Սարգսյան, «Նոր Հայացք» ՀԿ

Լևոն Մարտիրոսյան, «Գեոֆոն» ՀԿ

Ռաֆայել Մխիթարյան, «Երրորդ բնություն» ՀԿ

Ջուլիետա Եգանյան, «Մարգարտածաղիկ» ԲՀԿ

Աննա Թադեւոսյան, «Ցոլինե» ՀԿ

Նիկոլ Մարգարյան, «Սոցիալական ինժեներիայի կենտրոն» ՀԿ

Комментариев нет:

Отправить комментарий